Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Սերգեյ Շոյգուին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ Մինսկում հանդիպման ժամանակ քննարկել է մարտական պատրաստության և համատեղ դաշնակցային խմբի համակարգման հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է БелТА գործակալությունը։
Համապատասխան խմբավորման կազմում կան նաև ռուսաստանցի զինծառայողներ, որոնք գտնվում են Բելառուսի տարածքում։
«Շնորհակալ եմ ձեզ, որ բոլոր դժվարություններով հանդերձ դուք այստեղ պահում եք մի քանի հազար ռուսաստանցի զինծառայողների: Մենք, որքանով անհրաժեշտ է, միացել ենք այդ գործընթացին: Եվ ձեր սպաների հետ միասին պատրաստում ենք այդ տղաներին, իրականացնում ենք մարտական ներդաշնակեցում», - ասել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոն շեշտել է ուժերը չթուլացնելու կարևորությունը:
«Պատրաստում ենք այնպես, ինչպես հարկն է: Որովհետև այստեղ չպետք է թուլացնենք ուժերը: Դուք տեսնում եք, որ լեհերը, լիտվացիները սկսել են շարժվել մեր ուղղությամբ: Ուստի սա լավ օժանդակություն և նեցուկ է բելառուսական բանակի համար, որն արևմտյան թևում պաշտպանում է Միութենական պետությունը», - հավելել է Բելառուսի նախագահը:
Իր հերթին Շոյգուն ասել է, որ կողմերը կարող են քննարկել զորքերի համատեղ խմբավորման «շրջանակների ընդլայնման» հարցերը:
«Իրոք, այստեղ բավականին մեծ խմբավորում կա: Եվ, իհարկե, այսօր մենք կքննարկենք դրա հետագա մնալու, նախապատրաստման և, հավանաբար, ընդլայնման բոլոր հարցերը, որոնք դուք քննարկել եք (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Վլադիմիրի (Պուտինի) հետ», - ասել է Շոյգուն: