Լիոնի քաղաքապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Պարոն Դուսեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Լիոնի քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո քաղաքապետ Գրեգորի Դուսեն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին հյուրերը ծառ են տնկել Հիշողության պուրակում։