Չինաստանը Թայվանը շրջապատելու սցենարով զորավարժությունների շրջանակներում կղզու ափերի մոտ է ուղարկել «Շանդուն» ավիակիրը
Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (ՉԺԱԲ) ռազմածովային ուժերի «Շանդուն» ավիակիրը մասնակցում է Թայվան կղզու շուրջ անցկացվող զորավարժություններին: Նման տեղեկություն է տարածել ՉԺԱԲ-ի Մարտական հրամանատարության արևելյան գոտին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, հրամանատարական զորքերը զորավարժությունների շրջանակներում շարունակում են գտնվել Թայվան կղզու շուրջ: Այսօր զորավարժություններին առաջին անգամ մասնակցում է «Շանդուն» ավիակիրը։ Հրամանատարական զորքերը կատարելագործում են կղզին շրջապատելու և պահելու համատեղ զորաշարժերը:
«Շանդուն»-ը Չինաստանի սպառազինության մեջ երկրորդ ավիակիրն է, իսկ սեփական արտադրության՝ առաջինը։ Ավիակիրն ունի 315 մետր երկարություն, 75 մետր լայնություն, քաշը 70 հազար տոննա է, նորմալ արագությունը՝ 31 ծովային հանգույց։ Չինական լրատվամիջոցները հաղորդում են, որ ավիակրում կարող են տեղակայվել 36 «Ցզյան-15» (J-15) կործանիչներ։ Ավիակիրը կառուցվում է 2013 թ.-ից, այն ջրարկվել է 2017 թ. ապրիլին, առաջին թեստային նավարկությունը տեղի է ունեցել 2019 թ. մայիսի 13-18-ը, իսկ 2019 թ. նոյեմբերի 17-ին այն հանձնվել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերին։
ՉԺԱԲ-ի Մարտական հրամանատարության արևելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Ին շաբաթ օրը հայտնել էր, որ Չինաստանի զինված ուժերն ապրիլի 8-10-ը վարժանքներ և պարեկություն են անցկացնում Թայվանի շուրջ ընկած ծովային և օդային տարածքում՝ մարտական պատրաստության պլանին համապատասխան: Նրա խոսքով՝ զորավարժությունները նախազգուշացում են Թայվանի անկախության օգտին հանդես եկող անջատողական ուժերի համար, ինչպես նաև անհրաժեշտ միջոց՝ պաշտպանելու Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ Թայվանի նկատմամբ Պեկինի գործողությունները մտահոգություններ են առաջացնում կղզու հնարավոր շրջափակման առումով: Սենատորը հանդես է եկել մի շարք զսպող միջոցներ ձեռնարկելու օգտին, որոնք, նրա խոսքով, կարող են կանխել Չինաստանի կողմից Թայվանի հնարավոր ռազմական զավթումը: