Ղազախստանում բժիշկները 10-ամյա տղայի որովայնից դուրս են բերել մոտ 1 կգ քաշով գորգի բուրդ ու մազմզուկ
Ալմաթիում բժիշկները փրկել են գորգի բուրդն ու մազմզուկները պարբերաբար կուլ տվող 10-ամյա տղային. երեխայի ստամոքսից հսկայական տրիխոբեզոար են հանել, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Mgorod.kz թելեգրամյան ալիքը։
Դպրոցականը մանկական կլինիկական հիվանդանոց է ընդունվել որովայնի ցավի, փսխման և մշտական թուլության գանգատներով։ Հետազոտության ժամանակ բժիշկները երեխայի ստամոքսում և տասներկումատնյա աղիքում օտար մարմին են հայտնաբերել։
Անհետաձգելի վիրաբուժական միջամտություն է պահանջվել, տղայի որովայնի խոռոչից հեռացվել է 900 գրամ քաշով 20 սմ տրամագծով գունդ՝ բաղկացած գորգի մազմզուկներից ու բրդից. վիրահատությունը տևել է գրեթե մեկուկես ժամ։
«Տղան վատ սովորություն ուներ՝ ծամելու և կուլ տալու մազեր, բրդյա իրեր, ֆետր։ Պարզվել է, որ տանը երեխան պարբերաբար դուրս է քաշել ու կերել գորգի մազմզուկները: Տղայի ընդհանուր վիճակի ծանրության և վիրահատության բարդության պատճառով հիվանդը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնել են հիվանդանոցից։
Մի քանի օր անց երեխայի վիճակը բարելավվել է, նրան տեղափոխել են սովորական բաժանմունք, նրան նախապատրաստում են դուրս գրման։