Կութի գյուղապետարանն ավերածություններից հետո աշխատանքային տեսքի է բերվել
Սահմանամերձ Կութ համայնքի գյուղապետարանն ավերածություններից հետո աշխատանքային տեսքի բերեցինք, այդ մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ներկայացնելով լուսանկարներ։
«Վարդենիս խոշորացված համայնքի Կութ վարչական շրջանի համայնքապետարանն է լուսանկարներում: Մեծ սենյակի առաստաղը բեկորների արդյունքում դարձել է «ցանց»: Թշնամու գնդակոծություններից ավերված համայնքապետարանը ո՛չ դուռ ուներ, ո՛չ լուսամուտ, ո՛չ գույք:
ՀՀ Ազգային ժողովին պատկանող գույքի և տեխնիկայի հաշվին, իմ նախաձեռնությամբ և ամիսներ տևած հետևողական նամակագրության արդյունքում գրասենյակային անհրաժեշտ պարագաները հասան Կութ (սեղան, աթոռից մինչև համակարգիչ): Պատուհանները նորոգվեցին USAID Armenia-ի կողմից, գույքը ձեռք բերվեց Ազգային ժողովից, մնաց տանիքի հարցը լուծենք... Նորոգումը՝ դեռ չեմ ասում:
Հայաստանի անվտանգությունը սկսվում է առաջնագծում բնակեցված գյուղերից: Միշտ ձեզ հետ եմ, սիրելի՛ ժողովուրդ», - գրել է պատգամավորը։