Հարվածը ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը հերքվել է. պատգամավոր Մհերի Սահակյանի պաշտպան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհերի Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու (նրան մեղադրանք առաջադրելու) միջնորդությամբ Գլխավոր դատախազի ԱԺ միջնորդագիր ներկայացնելուն:
Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միջադեպից հետո իշխանականների այն պնդումը, թե Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանին հարվածել է ձեռքի մեջ շողացող ինչ-որ առաջարկայով, հերքվել է.
«1) Իրավասու մարմինները մտադիր են Սահակյանին մեղադրանք առաջադրել խուլիգանության (297 հոդվածի
1-ին մաս) և Վլադիմիր Վարդանյանին խուլիգանական դրդումներով թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար (171 հոդվածի 2-րդ մաս):
2) Երկու դեպքում էլ գործ ունենք ոչ մեծ ծանրության հանցակազմի հետ։
3) Խափանման միջոց կալանքի թույլտվության միջնորդություն ազգային ժողովին չի ներկայացվել։
4) Հարվածը ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը փաստորեն հերքվել է։
5) Մեր մոտեցումն անփոփոխ է. Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երևույթ) և խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երևույթ) ի սպառ բացակայում է, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով»,-գրել է նա։