Տղամարդը վախեցրել է ավելի քան հազար հավի ու բանտ նստել
Չինաստանի բնակիչը վախեցրե է հարևանի հազարից ավելի հավերին և վեց ամսով բանտ նստել։ Mediahub.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Հենգյան դատարանի որոշմանը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Գու անունով տղամարդը մեղավոր է ճանաչվել 1100 հավի վախեցնելու մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլին հարևան Չժոնգի հետ վեճից հետո, երբ նա առանց թույլտվության հատել է Գուի սեփականության ծառերը: Դատարանը պարզել է, որ չինացին գիշերը մի քանի անգամ ճանապարհ է ընկել Չժոնգի հավի ֆերմա։ Տղամարդն իր հետ ունեցել է լապտեր, որի լույսը խուճապի է մատնել թռչուններին։ Հավերը վախից կուչ են եկել մի անկյունում, ինչի հետևանքով հարյուրավորները սատկել են հրմշտոցի ժամանակ:
Արդյունքում Չժոնգին պատճառված վնասը դատարանի կողմից գնահատվել է 13840 յուան (2015 ԱՄՆ դոլար)։ Գուն դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման՝ մեկ տարի փորձաշրջանով։ Այս դատավճիռը, ըստ լրագրողների, հաշվի է առնում, որ Գուն զղջացել է իր արարքի համար։