Թուրքիայում իշխող կուսակցության պատգամավորների կազմը ընտրություններից հետո կփոխվի 70 տոկոսով
Մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին մասնակցող թուրքական հիմնական կուսակցությունները կիրակի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել թեկնածուների ցուցակները։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) աղբյուրները, դատելով ցուցակներից՝ նոր խորհրդարանում ԱԶԿ խմբակցության կազմը կփոխվի 70%-ով։
ԱԶԿ-ի ղեկավարությունը, որի նախագահն է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոշել է առանց բացառության կիրառել «երեք ժամկետի» կանոնը ընտրական ցուցակների ձևավորման հարցում։ Այսինքն՝ ներկայացված ցուցակներում ընդգրկված չեն կուսակցական ֆունկցիոներները, ովքեր արդեն երեք անգամ պատգամավոր են եղել։ Ավելի վաղ Էրդողանը խոստացել էր, որ իր կուսակցությունը կադրային լուրջ վերազինման կենթարկվի։ Ցուցակներում կա 19-ամյա թեկնածու, ինչպես նաև սովորականից ավելի շատ կանայք։
Մինչդեռ ԱԶԿ-ի ցուցակներում մի շարք խոշոր ընտրատարածքներից առաջին տեղերում են հայտնվում նախարարների կաբինետի գրեթե բոլոր անդամները։ Մասնավորապես, Անթալիայից՝ իր փոքրիկ հայրենիքից, առաջադրվել է արտգործնախարար Մևլութ Չավուշողուն, Ստամբուլից՝ ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, Կայսերիից կընտրվի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Մնացած նախարարները, ինչպես նաև փոխնախագահ Ֆուաթ Օքթայը առաջադրվել են խոշոր մետրոպոլիայի շրջաններից, որտեղ նրանք կարող են առավելագույն թվով ձայներ հավաքել ծնունդով տեղացի լինելու կամ մեծ ժողովրդականություն ունենալու պատճառով։
Նշվում է, որ ընտրացուցակներում չկան Առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթթին Քոջան և մշակույթի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։ Ինչպես ավելի վաղ խոստացել էր Էրդողանը, նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում նա մտադիր է էապես թարմացնել նախարարների կաբինետի կազմը և նոր դեմքեր բերել կառավարություն։ Հնարավոր է, որ գրեթե բոլոր նախարարները փոխվեն: