Չարլզ 3-րդն Անգլիայի եկեղեցու հետ «կոնֆլիկտի մեջ է». Daily Mail-ը հայտնել է պատճառը
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը կոնֆլիկտի մեջ է Անգլիայի եկեղեցու հետ՝ կապված իր թագադրման պաշտոնական արարողության հետ. հարցը ծագել է արարողության կոնկրետ պահերի շուրջ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Daily Mail-ը:
Մեծ Բրիտանիայի թագավորը և Անգլիայի եկեղեցու հոգևորականները տարբեր տեսակետներ ունեն նրա վերաբերյալ, թե ինչպես պետք է կազմակերպվի թագադրումը։ Միապետը ցանկանում է, որ այլ դավանանքների ներկայացուցիչներն ավելի ակտիվ մասնակցեն արարողությանը, մինչդեռ դա հակասում է հազարամյա ազգային ավանդույթին։
Հրատարակությունը նշում է, որ այս կերպ Չարլզ Երրորդը փորձում է վերահաստատել 30 տարի առաջ ասված այն խոսքերը, որ թագավոր դառնալով՝ նա լինելու է ոչ միայն Անգլիայի եկեղեցու, այլև թագավորության մյուս բոլոր կրոնների պաշտպանը։
Ըստ եկեղեցական աղբյուրների՝ միապետին ասվել է, որ «ավելի բազմազան» արարողության, ներառյալ ոչ քրիստոնյաների մասնակցությամբ արարողության անցկացումը, հակասում է դարավոր կանոնական օրենքին, որն արգելում է մահմեդական, հինդու, հրեա և այլ հավատքի առաջնորդներին աղոթքներ կարդալ թագադրման ծառայություն ընթացքում:
Ենթադրվում է, որ որպես փոխզիջում այլ կրոնների ներկայացուցիչների հետ Չարլզ Երրորդը կկարողանա առանձին արարողություն անցկացնել։