Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը հետաձգվել է և կկայանա մայիսին
Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը պետք է կայանար ապրիլի 10-ին, հետաձգվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով IRNA գործակալությունը, այս մասին ասել է Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։
Եֆիմովը հայտնել է, որ արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա մայիսին։
Դեսպանը հայտարարել է, որ դրական և կառուցողական արդյունքների հասնելու համար շփումներն ու խորհրդակցություններն այդ ֆորմատով շարունակվում են։
Նրա խոսքով՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը երկար է, և բոլոր գործերը երկխոսության կամ բանակցությունների մեկ ռաունդի շրջանակներում դիտարկելն անհնար է։
Գործակալություն գրում է, որ որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ Դամասկոսը ձգտում է հասնել Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության, նրա կողմից զինված խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու դադարեցմանը, Սիրիայի ներքին գործերին Թուրքիայի միջամտության դադարեցմանը։ Իրանական գործակալությունը հավելել է, որ Թուրքիան լուրջ վերաբերմունք չի դրսևորել իր պարտավորությունները կատարելու առումով։