Ջենիֆեր Գարները պատմել է, որ իր երեխաներին արգելված է սոցցանցերում օգտահաշիվներ ունենալ
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Գարները հայտնել է, որ իր երեխաներին արգելված է սոցիալական ցանցերում օգտահաշիվներ ունենալ: Դերասանուհին, որն ունի երկու դուստր՝ 17-ամյա Վիոլետը, 14-ամյա Սերաֆինան, և մեկ որդի՝ 11-ամյա Սեմը, առցանց աշխարհը համարում է վնասակար, գրում է Daily Mail-ը:
«Ես չգիտեմ, թե արդյոք ճիշտ եմ անում, բայց ես թույլ չեմ տալիս իմ երեխաներին սոցիալական ցանցերում լինել», - Tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է 50-ամյա Գարները Stellar Magazine-ին տված հարցազրույցում:
«Ես նրանց ասում եմ. «Երբ կարողանաք ինձ ցույց տալ հոդվածներ, որոնք ապացուցում են, որ երեխաներն ավելի երջանիկ են սոցիալական ցանցերի հասանելիությունից, մենք կարող ենք խոսել այդ մասին: Իսկ մինչ այդ, ես հաստատ կարող եմ ձեզ ցույց տալ հոդվածներ, որոնք խոսում են այն մասին, թե դա որքան վնասակար է երեխաների առողջության համար», - բացատրել է Գարները:
Դերասանուհին պնդում է, որ իր ավագ դուստրը «երախտապարտ է» մորը սոցցանցերից պաշտպանվածության համար:
«Իմ մեծը 17 տարեկան է, և նա ինձ ասում է, որ իսկապես շնորհակալ է, որ ես գծել եմ այդ սահմանը», - ասել է նա:
Գարները նաև մանրամասնել է, որ «այն պատճառով, որ նրանք սոցցանցերում չունեն օգտահաշիվներ, չի նշանակում, որ երեխաները չեն առնչվում Instagram-ի, TikTok-ի և նմանատիպ այլ բաների հետ»:
Ջենիֆեր Գարները երեք երեխա է ունեցել դերասան Բեն Աֆլեքի հետ ամուսնության ընթացքում: Զույգն ամուսնացած է եղել 2005-ից մինչև 2018 թվականը: