Սիրիան հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ, վերջինս պատասխանում է հրետանային ռմբակոծությամբ
Իսրայելը սիրիական հրթիռների արձակումներին պատասխանում է հրետանային ռմբակոծությամբ:
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հրետանային կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ՝ ի պատասխան Գոլանի բարձունքների ուղղությամբ արձակված հրթիռների, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Ներկայումս Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին գնդակոծում է այն տարածքը, որը գտնվում է Սիրիայում, որտեղից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հարվածը պատասխան է Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռների արձակմանը», – Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասվում է զեկույցում։
Ավելի վաղ իսրայելական բանակը հաստատել էր, որ Գոլանի բարձունքների ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել, որոնցից երկուսը հասել են Իսրայել։ Մեկ հրթիռ ընկել է բաց տարածքներում, իսկ երկրորդը խոցվել է հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։
Սա արդեն մի քանի ժամվա ընթացքում արդեն երկրորդ հրթիռային հարձակումն է Սիրիայի տարածքից Իսրայելի տարածքի վրա։
Իր հերթին սիրիական Al-Ikhbariya հեռուստաալիքը հայտնել է, որ Դամասկոսի մերձակայքում մի շարք պայթյուններ են որոտացել։
Իսրայելի հրետակոծությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 5:00-ի սահմաններում: Միաժամանակ հարձակումը հանգեցրել է սիրիական կողմի «նյութական կորուստների»։
Վերջին օրերին Իսրայելում անվտանգության իրավիճակը վատթարացել է շարունակվող ահաբեկչությունների, Գազայի հատվածից և Լիբանանից հրթիռակոծությունների, ինչպես նաև Երուսաղեմի Տաճարի լեռան վրա տիրող անհանգիստ իրավիճակի ֆոնին, որտեղ պաղեստինցիները կանոնավոր կերպով բախվում են իսրայելական ոստիկանության հետ մուսուլմանների սուրբ Ռամադանի ամսվա ընթացքում: