Թուրքիան և Ադրբեջանը միասին գազ կմատակարարեն Եվրոպա. Դոնմեզ
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Թուրքիան Սև ծովում սեփական հանքավայրերի հաշվին կարող է 35 տարի բավարարել տնային տնտեսությունների գազի կարիքները, իսկ ձեռնարկությունների հետ միասնաբար այդ ծավալները կբավականացնեն 15-20 տարի:
Դոնմեզի խոսքով՝ թուրքական հանքավայրերից գազը մարդկանց տներ կհասնի ապրիլի 20-ին: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ գազի արդյունահանման արժեքը ավելի ցածր կլինի, քան ներմուծվողն է:
Թուրք նախարարը հայտնել է, որ երկրի բնական գազի կարիքները հոգալու հարցում Ռուսաստանի մասնաբաժինը վերջին 35 տարում նվազել է երկու երրորդով։ Նա հիշեցրել է, որ 2000-ականներին Թուրքիային գազ մատակարարողների թվում հայտնվեցին Իրանը և Ադրբեջանը։
«Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարել Թուրքիայում։ SOCAR ընկերությունը նույնպես Թուրքիայի խոշորագույն ներդրողներից է։ Այդ համագործակցությունը կշարունակվի նաև երրորդ երկրում։ BOTAŞ-ը և SOCAR-ը նոր ընկերություն են ստեղծել։ Մենք գազ ենք մատակարարելու Եվրոպա»,- ասել է Դոնմեզը:
Նա հավաստիացրել է, որ բալկանյան երկրները Ադրբեջանից և Թուրքիայից գազ են պահանջում, և այս հարցում Անկարան ու Բաքուն համատեղ են գործելու։