Պոդոլյակը մեկնաբանել է NYT-ի հրապարակումը ուկրաինական հակահարձակում նախապատրաստելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պլանների արտահոսքի մասին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «ֆոտոշոփ» և «կեղծ արտահոսք» է անվանել ուկրաինական հակահարձակում նախապատրաստելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պլանների արտահոսքը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միխայիլ Պոդոլյակի գրառումը Twitter-ում:
«Մոսկվան շատ է ցանկանում խափանել ուկրաինական հակահարձակումը: Բայց ռուսները իրական պլանները կտեսնեն ռազմի դաշտում: Շուտով», - գրել է նա:
Հիշեցնենք՝ The New York Times-ը, վկայակոչելով Ջո Բայդենի վարչակազմի անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ սոցցանցերում հրապարակվել են ուկրաինական պատերազմի հետ կապված գաղտնի փաստաթղթեր, որոնք մանրամասնում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գաղտնի պլանները՝ կապված Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի դեմ նախատեսվող հարձակման հետ:
Փաստաթղթերը հայտնվել են ռուսամետ ալիքներում։ NYT-ն նշում էր, որ դրանք կարող են փոփոխության ենթարկված լինել։
Փաստաթղթերը ներկայացվել են լուսանկարների տեսքով, դրանցում նշվում են զենքի ակնկալվող մատակարարումները, զենքերի և գումարտակների կարողությունները, ուկրաինական զինվորական ստորաբաժանումների վերապատրաստման ժամանակացույցերը և թվաքանակը:
Պենտագոնը հետաքննում է, թե ով կարող է կանգնած լինել փաստաթղթերի արտահոսքի հետևում, որոնք հայտնվել են Twitter-ում, ինչպես նաև Telegram-ում, որն ունի ավելի քան կես միլիարդ օգտատեր և լայնորեն հասանելի է Ռուսաստանում: