Մոսկվան աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
Մոսկվան աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է մեր աջակցությամբ: Ողջունում ենք տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունն ապաշրջափակելու ջանքերը։ Անշուշտ, մենք ողջունում ենք Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնումը»,- նշել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը պնդել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել եռակողմ պայմանավորվածություններ, որոնք այսօր էլ մնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքում:
«Հուսով ենք, որ մեր ոչ տարածաշրջանային գործընկերները չեն միջամտի այս գործընթացին, այլ կուղղորդեն կողմերին եռակողմ համաձայնագրերի խստորեն իրականացմանը»,- ընդգծել է նա։