«Ինտեր»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Սալերնիտանա»-ի դեմ խաղում. Մխիթարյանը մասնակցեց խաղին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Սալերնիտանա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից ընդամենը 5 րոպե անց «Ինտեր»-ն առաջ անցավ հաշվի մեջ: «Սալերնիտանա»-ի պաշտպանների սխալից օգտվեց Գոզենսը: Խփած գնդակից հետո էլ «Ինտեր»-ը մի քանի հնարավորություն ուներ կրկնապատկելու հաշվի տարբերությունը: Երկրորդ կեսում ևս «Սալերնիտանա»-ն գործում էր «երկրորդ համարով», իսկ «Ինտեր»-ը չէր իրացնում պահերը: Սակայն տան տերերին` «Սալերնիտանա»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց խուսափել պարտությունից: 90-րդ րոպեին «Սալերնիտանա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Սալերնիտանա»-«Ինտեր»` 1:1:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնաց 4-րդ տեղում և ունի 51 միավոր: