Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ հեռանում է կյանքից
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ բանտում գտնվելու ժամանակ իր առողջական վիճակը «կտրուկ վատացել է», և որ նա արդեն հեռանում է կյանքից: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրված է Politico թերթի հոդվածում։
«Կալանքի ժամանակ իմ առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Ես հիմա մահանում եմ»,- գրել է Սաակաշվիլին։
Նա նաև պնդել է, որ իրեն կտտանքների են ենթարկել կալանքի տակ և ներկայացրել է իրեն որպես քաղբանտարկյալ:
«Ես ենթարկվել եմ սիստեմատիկ խոշտանգումների, ֆիզիկապես և հոգեբանորեն, և ներկայումս ես ունեմ ծանր մետաղներով թունավորման նշաններ: Այժմ ես տառապում եմ ավելի քան 20 լուրջ հիվանդություններով, որոնք բոլորն էլ զարգացել են բանտարկության ժամանակ»,- ասել է նա:
Սաակաշվիլին ընդգծել է, որ երբ 2021 թվականի հոկտեմբերին վերադարձել է Վրաստան, ինքը առողջ, եռանդուն 54-ամյա տղամարդ էր։
«Գնալով ավելի պարզ է դառնում, որ ես շուտով կմեռնեմ, եթե պատշաճ բժշկական օգնություն չստանամ երկրից դուրս»,- ավելացրել է նախկին նախագահը:
Նա հորդորել է ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը անել հնարավորը նրա կյանքը փրկելու համար՝ դիվանագիտական ճնշում գործադրելով Վրաստանի կառավարության վրա։
Մարտի 28-ին Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գյուլի Ալասանիան, հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահի քաշը հասել է կրիտիկական ցածր մակարդակի։
Ավելի վաղ Միխեիլ Սաակաշվիլին Politico-ին տված հարցազրույցում ասել էր, որ իրեն «թունավորել են ռուս գործակալները»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի իշխանություններն ուղարկել են Վրաստան՝ երկրում հեղաշրջում կազմակերպելու և երկիրը հակամարտության մեջ ներքաշելու համար։