Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ: Մարտի 30-ին, ժամը 9.50-ին, Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին Ջրարբի գյուղի բնակիչ երեք տղամարդու: Անձնական խուզարկությամբ 18-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ: Երիտասարդը հայտնեց, որ թմրանյութն իրենն է՝ անձնական օգտագործման համար:
Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ երիտասարդին, այսպես ասած՝ արջի ծառայություն էր մատուցել եղբայրը` նրան տալով թմրանյութը: 21-ամյա եղբայրը ձերբակալվել է: Նա ընդունել է արարքը;
Նշանակվել է փորձաքննություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները քննությամբ պարզվում են:
Մարտի 29-ին ապօրինի թմրաշրջանառության դեպք բացահայտեցին նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները: Իրացնելով ստացված տվյալները՝ նրանք Արմավիր-Էջմիածին ճանապարհին կանգնեցրին «Օպել» մակնիշի մի մեքենա և, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, ձերբակալեցին վարորդին և ուղևորին՝ երկուսն էլ Կոտայքի մարզի բնակիչ: Այդ ընթացքում ոստիկանները նկատել էին մեքենայի սրահում դրված սև հեղուկով ներարկիչ:
Բաժին տեղափոխված 42-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Նա հայտնել է, որ մարիխուանան իրենն է, պատրաստել է կանեփի վայրաճ թփերից: Նա նաև հայտնել է, որ մեքենայի սրահի նրարկիչի մեջ ափիոն է լցված: Իրավապահներին հաջողվել է պարզել, որ նրան ափիոնը վաճառել էր էջմիածինցի 55-ամյա մի տղամարդ: Նա ձերբակալվել է, իսկ նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել է նույն հեղուկով լցված ներարկիչ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: