ՔՊ-ում Ալեն Սիմոնյանի հարցով մտափոխվել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները կուսակցության վարչության վերջին նիստից հետո մտափոխվել են Ալեն Սիմոնյանի մասով: Կասկադում ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո իշխող ֆրակցիայի պատգամավորները, ոմանք՝ ներքին զրույցներում, իսկ ոմանք էլ անթաքույց լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարում էին, որ ֆրակցիան պետք է քննարկի նրա մասնակցությամբ միջադեպը:
Պատգամավորներից մի քանիսն էլ, հավանաբար առաջին նախագահի առաջարկից ոգեւորված, հայտարարում էին, որ ֆրակցիան ԱԺ նախագահի պաշտոնանկության հարց պետք է քննարկի: Բայց, արի ու տես, ՔՊ վարչության վերջին նիստից հետո իշխող ֆրակցիայի ներսում տրամադրություններ են փոխվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նիստին ո’չ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը, ո’չ էլ նրա պաշտոնանկության հարց չի քննարկվել: Թե որն է ՔՊ-ականների մտափոխության պատճառը, հասկանալի չէ: Հավանաբար, Ալեն Սիմոնյանին, չնայած ՔՊ մի թեւի ջանքերին, հաջողվել է պատգամավորների հետ լեզու գտնել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ ո’չ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը, ո’չ էլ նրա պաշտոնանկության հարց, առհասարակ, ֆրակցիան չի քննարկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։