«Թալիբան»-ը կոչ Է արել միջազգային հանրությանը՝ օգնել ականազերծելու Աֆղանստանի տարածքը
«Թալիբան» շարժումը, որը վերահսկում է Աֆղանստանը, կոչ է արել միջազգային հանրությանը օգնել մաքրել երկրի տարածքն ականներից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Աֆղանստանն ավելի շատ օգնության կարիք ունի ականները վնասազերծելու գործում: Տասնամյակների պատերազմը և անկայունությունը հազարավոր մարդկանց կյանքեր են խլել և հարյուր հազարավորներին ստիպել են լքել իրենց տներն այն դեպքում, երբ աֆղանական ընտանիքներն արդեն հակամարտության 40 տարիներ են ապրել, վերջին ծանր մարտերն իրենցից հետո թողել են մահաբեր ինքնաշեն պայթուցիկ նյութերի նոր ալիք», - ասվում է շարժման կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Թալիբները կոչ են անում միջազգային կազմակերպություններին «միայնակ չթողնել Աֆղանստանին ողջ երկրում այս թաքնված թշնամուն վերացնելու և Աֆղանստանը տարածաշրջանում հակահետևակային ականներից զերծ երկիր հայտարարելու նրա ջանքերում», - նշվում է փաստաթղթում։ Թալիբները, վկայակոչելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությանը (ՀՀՀՎ), հայտնում են, որ 1989 թ.-ից ի վեր երկրում գրեթե 57 հազար քաղաքացիական անձ Է զոհվել կամ վիրավորվել ականների պայթյունից և պատերազմի պայթյունավտանգ հետևանքներից:
Հակաականային գործունեության հարցով գործընկերներն ավելի քան 19 մլն առարկա են վնասազերծել հսկայական քանակությամբ ականներով պատված տարածքներում: Ըստ ՀՀՀՎ-ի՝ երկրում «մնում է ավելի քան 4150 վտանգավոր տարր, որոնք մահացու սպառնալիք են ներկայացնում բնակչության, մասնավորապես՝ երեխաների համար»։