Ավերակի վերածված ուխտատեղիից Աղջող վանքը պետք է գործող եկեղեցի դարձնել. պատմաբան
Վերջին շրջանում հանրության ուշադրությունը կենտրոնացած է 13-րդ դարի Աղջոց վանական համալիրի խնդիրների վրա։ Ճարտարապետներն ու պատմաբաններն ահազանգում են, որ վանքը գտնվում է փլուզման վտանգի առջև։ Պատերին ու գմբեթի վրա մեծ ճաքեր են հայտնվել, քաղաքացիներն էլ իրենց հերթին են վնասում և փչացնում վանական համալիրի հինավուրց արձանագրություններն ու տարածքում տապանաքարերը։
«Աղջոց վանքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն եզակի սրբավայրերից է, որի հիմնադրումը Սրբազան Ավանդությունը կապում է առաջին Հայրապետ ս. Գրիգոր Ա Լուսավորչի (302-325) անվան հետ։ Նա հիմնել է այստեղ կուսանաց վանք` տեղանքն ընտրելով Տրդատ Գ Մեծ արքայի (287-330) կողմից հալածված Ստեփանոս քահանայի նահատակության վայրը»,-Tert.am-ի հետ զրույցում ասում է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը։
Ժամանակակից վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարում` Խաղբակյան (Պռոշյան) իշխանական տան հոգածությամբ։ Նախ կառուցվել է Ս. Ստեփանոս գլխավոր գմբեթավոր եկեղեցին (1212-1217), այնուհետև ավելացվել է գավիթը (1217-1234), իսկ ավելի ուշ` Ս. Պողոս-Պետրոս թաղածածկ եկեղեցին (1270)` կից սենյակներով։ Եղել է ձեռագրական կենտրոն և ունեցել է սեփական վանական տնտեսությունը։ Այս ամենին վերաբերող սկզբնաղբյուրների տեղեկությունները մանրակրկտորեն մեկտեղված են Գարեգին Հովսեփյանի` Պռոշյան իշխանական ընտանիքի մասին մենագրության երկրորդ մասում (Երուսաղեմ, 1944)։
Աղջոց վանքն աչքի է ընկնում իր արտակարգ պատկերաքանդակներով, օրինակ` Ս. Ստեփանոս եկեղեցու արևմտյան մուտքի ճակատին Ահեղ Դատաստանի և հարավային պատին Դանիելի քանդակներով, ինչպես նաև Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու արևմտյան մուտքի աջ և ձախ կողմերում երկու առաքյալների հարթաքանդակներով։
«Հարևան Այրիվանքի ու Հավուց թառի վանքի պես Աղջոց վանքն առանձնահատուկ դեր է ունեցել կարևորագույն մասունքների պահպանման հարցում։ Եթե Հավուց թառում պահվել է Քրիստոսին խաչափայտից իջեցնելու տեսարանը պատկերող Ս. Ամենափրկիչ փայտե սրբապատկերը, իսկ Այրիվանքում` Ս. Գեղարդը, ապա Աղջոց վանքում պահպանվել են այստեղ նահատակված ս. Ստեփանոս քահանայի Աջը և ս. Գրիգոր Լուսավորչի որդու` Նիկեայի առաջին տիեզերաժողովի մասնակից Արիստակես Ա Կաթողիկոսի (325-333) Աջը։ Այս բոլոր սրբությունները հիմա պահվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում», - նշում է պատմաբանը։
Վանքը տուժել է պարսից շահ Աբաս Ա-ի (1587-1629) բռնագաղթից և 1679 թ. երկրաշարժից, սակայն Հավուց թառի վանքի պես լքվել է 1755 թ. լեզգիական եզրափակիչ արշավանքի հետևանքով։ Լեզգիական ասպատակիչները դուրս են մղվել Արարատյան դաշտից Սիմեոն Ա Երևանցի (1763-1780) Կաթողիկոսի ջանքերով, սակայն վանական կյանքը Աղջոց Ս. Ստեփանոսում չի հաջողվել վերականգնել։
Միքայել Մալխասյանը նշում է, որ Խորհրդային տարիներին Աղջոց և Հավուց թառի վանքերը ներառվել են Խոսրովի պետական արգելոցի սահմանների մեջ։ «Այժմ վանքը չի գործում, ֆորմալ գտնվում է պետության հոգածության ներքո, սակայն քայքայված և կիսաքանդ վիճակում է։ Մասնագիտական հնագիտա-ճարտարագիտական լրջագույն ուսումնասիրման և վերականգնման պարագայում նախընտրելի կլիներ նրա փոխանցումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավասության ներքո, ինչից հետո անհրաժեշտ կլինի քայլեր ձեռնարկել վանքը ավերակի վերածված ուխտատեղիից գործող եկեղեցի դարձնելը», - հորդորում է Միքայել Մալխասյանը։