Եվրահանձնաժողովի ղեկավարն արձանագրել է, որ ԵՄ-ի և Չինաստանի հարաբերությունները բարդացել են
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է, որ Չինաստանը Եվրոպայի համար մեծ նշանակություն ունի փոխկախվածության ու երկարատև ընդհանուր պատմության շնորհիվ: Նա նաև նշել է բարդ հարաբերությունների քննարկման կարևորությունը։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: «Ե՛վ Եվրոպան, և՛ Չինաստանը հսկայական օգուտ են քաղել այս հարաբերություններից, սակայն վերջին տարիներին ԵՄ-ի և Չինաստանի միջև հարաբերություններն ավելի են բարդացել: Եվ կարևոր է, որ մենք այսօր միասին քննարկենք մեր հարաբերությունների բոլոր կողմերը», - հայտարարել է այցով Չինաստանում գտնվող ԵՀ-ի ղեկավարը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ նման քննարկումը «կօգնի ինչպես Եվրամիությանը, այնպես Էլ Չինաստանին՝ կողմնորոշվելու բարդ և անկայուն աշխարհաքաղաքական միջավայրում»:
Պեկին այցից անմիջապես առաջ ֆոն դեր Լայենը Բրյուսելում հանդես Էր եկել Չինաստանին նվիրված զեկույցով, որում, մասնավորապես, նշել Էր, որ ՉԺՀ-ի դիրքորոշումն Ուկրաինայի իրադրության հարցում կորոշի կողմերի հարաբերությունների զարգացումը։ Նա միևնույն ժամանակ ընդգծել էր, որ ԵՄ-ի նպատակը Պեկինի հետ հարաբերություններում դիվանագիտական կայունություն հաստատելն է։