Ֆինլանդիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել նախագահին
Ֆինլանդիայի վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սաննա Մարինն այսօր հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Ես ընդունում եմ ձեր հրաժարականի դիմումը և հուսով եմ, որ կառավարությունը կշարունակի կատարել պարտավորություններն այնքան ժամանակ, քանի դեռ նորը չի նշանակվել», - Նիինիստյոյի խոսքը մեջբերել է Yle լրատվամիջոցը։ Նշվում է, որ նախագահը շնորհակալություն է հայտնել Մարինին դժվար տարիներին համագործակցության համար։
Ընդդիմադիր Ազգային պահպանողական կուսակցության նախագահ Պետերի Օրպոն, որը հաղթանակ Է տարել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, հաջորդ շաբաթ կսկսի նոր կառավարություն կազմելու շուրջ նախնական բանակցությունները։
Չորեքշաբթի օրը Մարինը հայտնել էր, որ ընտրություններում պարտվելուց հետո կթողնի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնը և կշարունակի իր քաղաքական գործունեությունը որպես խորհրդարանի պատգամավոր։ Կիրակի օրը կայացած ընտրություններում նրա կուսակցությունը քվեների քանակով զիջել է ընդդիմադիր Ազգային պահպանողական կուսակցությանը և «Իսկական ֆիններ» կուսակցությանը: