Ավելի «ներքև» պարզապես չի լինում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Գնալով ամրացող տպավորություն է, որ փողոցից իշխանության հասած ՔՊ-ում հատուկ որոշում է ընդունվել «փողոցային» դրսևորումներով աչքի ընկնելու վերաբերյալ: Ընդ որում՝ էլի ամրացող տպավորություն է, որ նույնիսկ մրցույթ է հայտարարվել՝ ով ավելի աչքի կընկնի այդ գործում: Եվ ահա, ՔՊ-ի կուսակտիվն անշեղորեն իրագործում է «պլենումի» այդ որոշումն ու, առանց չափազանցության, կաշվից դուրս է գալիս «աչքի ընկնելու» համար:
Օրինակ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության (!!!) և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի վրա քպականների զանգվածային հարձակումը, հատկապես Արթուր Հովհաննիսյանի ու Ռուստամ Բաքոյանի աննկարագրելի սանձարձակ պահվածքը, թեկնածուի հասցեին ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու բացահայտ սպառնալիքները, է՛լ լեզու կտրելու, է՛լ չգիտես ինչի վերաբերյալ արտահայտություններն ինքնին բնութագրական են: Բնութագրական՝ դրանք գործածողների համար: Բոլորը տեսան: Դա փողոցի էլ չէ, այլ հենց «քուչի» մակարդակ էր: Անխուսափելի իշխանափոխությունից հետո (հիշեցնենք, որ ամեն ինչ վերջ ունի, վերջիվերջո), թերևս, հոգեբանների համար աշխատանքի լայն ճակատ կբացվի:
Բայց մինչ այդ, այսինքն՝ հիմա էլ մասնագետները կարծում են, որ նման պահվածքը խորքային պատճառներ ունի: Դրանցից առաջինը այս տեսակի անցյալն է, նույնիսկ սեփական բակերում ընդունված չլինելը, ճնշված լինելը, կյանքում կայացած չլինելն ու հիմա իշխանության տված հնարավորություններով բոլորից «մուռ հանելը»: Երկրորդը՝ չէ, վիրավորվելը չէ, նրանք այդ հատկությունը չունեն: Երկրորդը վախն է՝ եղածը կորցնելուց ու այդ նույն անցյալին վերադառնալուց...
Մտածելու բան է: Ու այդքանից հետո, օրինակ՝ նույն Արթուր Հովհաննիսյանը «հատակին» հասնելու, տակից թակոցներ լսելու մասին է խոսում: Չնայած, էլ ինչի՞ց խոսեն, եթե վաղուց շրիշակն անցել են, հատակն անցել են, նկուղի հատակն էլ են ծակել-անցել և շարունակում են «խորանալ»: Այնքան, որ տակից որևէ թակոց իրենք լսել չեն կարող, լավագույն դեպքում՝ հենց իրենցը...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: