Կյանքն արտացոլում է գտնում երաժշտության մեջ, և դա հիասքանչ է. Շառլ Ազնավուր
Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է այսօր՝ նոյեմբերի 23-ին, Թել-Ավիվում տեղի ունենալիք համերգի վերաբերյալ: Իր՝ ավելի քան կես դար տևած կարիերայի ընթացքում 89-ամյա Ազնավուրը վաճառել է շուրջ 100 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում: Նա նկարահանվել է նաև տասնյակ ֆիլմերում:
Շառլ Ազնավուրը, մասնավորապես նշել է. «Իմ կյանքն արկած է: Ըստ էության, մեզանից յուրաքանչյուրի կյանքն է արկած, մենք ինքներս ենք ընտրում, թե ինչպիսին կդառնա մեր կյանքը: Ես նախընտրել եմ հանդես գալ հասարակության առջև համերգով, քանի որ դա ինձ հաճույք է պարգևում: Այս ընթացքում ես շատ բան եմ սովորել: Գիտեմ տարբեր լեզուներ: Ես ակտիվորեն մասնակցել եմ իմ երկրի կյանքին և դա նկատելիորեն հարստացրել է իմ կյանքը: Իմ անձնական փորձն առիթ է դարձել երգեր գրելու համար, կյանքն արտացոլում է գտնում երաժշտության մեջ, և դա հիասքանչ է»:
Եվ չնայած այսօր Ազնավուրի ձայնն այնքան էլ հզոր չէ, ինչպես տարիներ առաջ էր, նրա կատարումները մինչ օրս էլ երջանկացնում են երկրպագուներին: Իսրայելցիները կարղ են ունկնդրել նրա կատարումն այսօր՝ նոյեմբերի 23-ին, Թել-Ավիվի Արենա Նոկիա թատրոնում: