Հիմնվում է իր ռելիեֆով և չափերով մեր քաղաքում նմանը չունեցող զբոսայգի․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Նոր Նորքը հավակնում է դառնալ Երևանի ամենականաչ վարչական շրջանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ, որում ներկայացված են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։
«Տորք Անգեղ արձանի հարակից տարածքում հիմնվում է իր ռելիեֆով և չափերով մեր քաղաքում նմանը չունեցող զբոսայգի, որը ձգվելու է շուրջ 1կմ: Այս հանրային տարածքում էլ կային ապօրինի շինություններ, որոնց փոխարեն կունենանք ճեմուղիներ, ծառեր և կանաչ գոտիներ, իսկ այգու տարածքում կտեղադրվեն բիոզուգարաններ:
Մեկ այլ կանաչ գոտի է ձևավորվում Լյուքսեմբուրգի փողոցի շենքերի բակում: Ավելի քան 200 մետր երկարությամբ տարածքում կառուցելու ենք խաղահրապարակներ և այգի՝ հարակից տասնյակից ավել բազմաբնակարան շենքերի բնակիչների՝ հատկապես երեխաների համար ստեղծելով ժամանցի լավագույն վայրը:
Նոր Նորքում չենք սահմանափակվում միայն կանաչ գոտիներով: Այս տարի ամբողջովին վերանորոգված կվերաբացվի 109 մանկապարտեզը, զուգահեռ կսկսենք 108 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները», - գրել է նա: