ՌԴ-ի և ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ Զապորոժիեի ԱԷԿ-ի իրադրության շուրջ
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ապրիլի 5-ին Կալինինգրադում հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այդ մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռոսատոմի» տարածած հաղորդագրությունը:
Քննարկման կենտրոնում են եղել այն հարցերը, որոնք կապված են Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային և միջուկային ֆիզիկական անվտանգության ապահովման հետ:
Անդրադարձ է կատարվել նաև մարտի 29-ին Գրոսիի գլխավորած ՄԱԳԱՏԷ-ի հերթական ռոտացիոն պատվիրակության կողմից կայան կատարած այցի արդյունքներին։
Ըստ «Ռոսատոմի» հաղորդագրության՝ Գրոսին կարողացել է անձամբ տեսնել կայանի գնդակոծության հետևանքները, որոնք տեղի են ունեցել անցյալ տարվա նոյեմբերին՝ նրա վերջին այցից հետո: Որպես դրական հանգամանք՝ նա նշել է ռուսական նոր դիզելային գեներատորների և բլոկ-մոդուլային կաթսայատների առկայությունը կայանում։
Ալեքսեյ Լիխաչովը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք ռուսական կողմը ձեռնարկում Է Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու համար։ Հանդիպման մասնակիցները քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային և միջուկային ֆիզիկական անվտանգության ապահովման վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի նախաձեռնության շուրջ ստեղծված իրավիճակը:
Ընդգծվել է դրա իրականացման ուղղությամբ աշխատանքները շարունակելու ռուսական կողմի պատրաստակամությունը։ Քննարկվել են այլ ուղղություններով Ռուսաստանի և ՄԱԳԱՏԷ-ի հեռանկարային փոխգործակցության հարցերը։ Կողմերը հաստատել են շփումները շարունակելու պայմանավորվածությունը: