Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները խոր ճգնաժամ են ապրում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրել է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում խոր ճգնաժամի առկայությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որոնցից ուղղակիորեն կախված է գլոբալ անվտանգությունն ու կայունությունը, ցավոք, խոր ճգնաժամ են ապրում»,- ասել է Ռուսաստանի նախագահը չորեքշաբթի օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:
Պուտինի կարծիքով՝ այդ ճգնաժամի հիմքում ընկած են «ժամանակակից աշխարհակարգի ձևավորման հանդեպ սկզբունքորեն տարբեր մոտեցումներ»։
Ռուսաստանի նախագահը հավաստիացրել է, որ Մոսկվան ձգտում է Վաշինգտոնի հետ հարաբերությունները կառուցել հավասարության և հարգանքի սկզբունքների հիման վրա: «Մենք միշտ հանդես ենք եկել այն բանի օգտին, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կառուցվեն բացառապես հավասարության, ինքնիշխանության և միմյանց շահերը հարգելու, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա»,- հայտարարել է նախագահ Պուտինը:
Ռուսաստանում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Այդ պաշտոնում նա հաստատվել է 2022 թվականի դեկտեմբերին և դարձել է պատմության մեջ առաջին կինը, որը գլխավորում է Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը։ Թրեյսին Մոսկվա է ժամանել հունվարի 26-ին, պարտականությունների կատարմանն անցել է հունվարի 30-ին։