Բայդենը հաջորդ շաբաթ այց կկատարի Մեծ Բրիտանիա և Իռլանդիա
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ապրիլի 11-ից մինչև 14-ը ուղևորության կմեկնի Մեծ Բրիտանիա և Իռլանդիա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղարի տարածած հայտարարությունը:
«Նախ նախագահ Բայդենը ապրիլի 11-12-ին կուղևորվի Հյուսիսային Իռլանդիա՝ Բելֆաստ՝ նշելու 25 տարի առաջ Բելֆաստի (,Բարի ուրբաթե) համաձայնագրի ստորագրումից ի վեր ահռելի առաջընթացը և հայտնելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը Հյուսիսային Իռլանդիայի լայն տնտեսական ներուժին աջակցություն ցուցաբերելու հարցում», - ասվում է Կարին Ժան-Պիեռի տարածած հաղորդագրության մեջ։
Այնուհետև ապրիլի 12-ին ԱՄՆ-ի նախագահը Հյուսիսային Իռլանդիայից կմեկնի Իռլանդիա և կայցելի Դուբլին, Լաութ և Մեյո կոմսություններ: Ապրիլի 14-ին Բայդենը կավարտի իր այցը։ «Նա կքննարկի մեր սերտ համագործակցությունը մի շարք գլոբալ մարտահրավերների շուրջ», - ասվում է հայտարարության մեջ։ Սպիտակ տունը նշում է, որ ուղևորության լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ: