740 հազար դրամը գողացել էր նույն ընկերության աշխատակիցը. ոստիկանների բացահայտումը
Մարտի 31-ի ժամը 14.00-ին ոստիկանություն էր զանգել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկի մի աշխատակից և գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Նա հայտնել էր, որ «Միցուբիշի» մակնիշի մեքենայի սրահից գողացել են 740 000 դրամ։ Տղամարդը մեքենան կայանել էր Ուջան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում ու դուռը բաց էր թողել։
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց նշված վայր:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվեց ժամերի ընթացքում։
Իրավապահները Ուջան գյուղում հայտնաբերեցին, ձերբակալեցին և Աշտարակի բաժին տեղափոխեցին Երևանի 31-ամյա մի բնակչի, որը նույն ՍՊԸ-ի աշխատակից է: Նրա խուզարկությամբ գումարը հայտնաբերվեց։
Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ: