Բլինքենը «եվրաեռյակի»պաշտոնակիցների հետ քննարկել է Իրանի, Ուկրաինայի և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) ԱԳ նախարարներ Ջեյմս Քլևերլիի, Անալենա Բերբոքի և Կատրին Կոլոննայի հետ ապրիլի 4-ին Բրյուսելում քննարկել է Ուկրաինայի, Իրանի և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շուրջ ստեղծված իրադրությունը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելի հայտարարությունը ՆԱՏՕ-ի պետությունների ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ։
Ըստ Պատելի հայտարարության՝ Բլինքենը, Բերբոքը, Քլևերլին և Կոլոննան «քննարկել են ՆԱՏՕ-ի կողմից շարունակվող աջակցությունն Ուկրաինային, ինչպես նաև երկկողմ աջակցությունը», մինչ Ուկրաինան շարունակում է պաշտպանվել Ռուսաստանի ռազմական գործողություններից: «Պետքարտուղարը 2023 թվականի հուլիսին Լիտվայում՝ Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հաջող անցկացման հույս է հայտնել և ընդգծել ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության ամրապնդման հետագա աշխատանքի անհրաժեշտությունը:
Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի մտահոգությունն Իրանի միջուկային էսկալացիայի առումով և նշել սերտ համագործակցության շարունակման կարևորությունը՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս հասնելու խաղաղության, կայունության և բարգավաճման ընդհանուր նպատակներին՝ կանոնների վրա հիմնված միջազգային կարգին համապատասխան», - եզրափակել է դիվանագետը: