«Թալիբան»-ն աֆղան կանանց արգելել Է աշխատել ՄԱԿ-ի հաստատություններում, Գուտերեշն արձագանքել է
«Թալիբան» արմատական իսլամիստական շարժումը Աֆղանստանի արևելյան Նանգարհարի նահանգում աֆղան կանանց արգելել Է աշխատել Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է այս որոշումը:
«Ես խստորեն դատապարտում եմ Աֆղանստանի Նանգարհարի նահանգում մեր աֆղան կին գործընկերների աշխատանքն արգելելու որոշումը: Եթե այս որոշումը չչեղարկվի, ապա այն անխուսափելիորեն կխաթարի մեր հնարավորությունները՝ կենսական անհրաժեշտության օգնություն հասցնելու դրա կարիքն ունեցող մարդկանց», - գրել է Գուտերեշը Twitter-ի իր էջում:
I strongly condemn the prohibition of our Afghan female colleagues from working in Afghanistan’s Nangarhar province.
— António Guterres (@antonioguterres) April 4, 2023
If this measure is not reversed, it will inevitably undermine our ability to deliver life-saving aid to the people who need it.
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչները մտադիր են Քաբուլի իշխանությունների հետ հանդիպել չորեքշաբթի օրը՝ իրադրությունը պարզաբանելու համար: 2022 թ. դեկտեմբերին թալիբներն արգելք են սահմանել ոչ կառավարական կազմակերպություններում կանանց աշխատանքի վրա: Միջազգային լուրջ արձագանքից հետո արգելքը մեղմացվել է՝ գոնե առողջապահության ոլորտում։ Այդ արգելքը չէր վերաբերում ՄԱԿ-ի հաստատություններին։ 2021 թ. օգոստոսին իշխանության գալուց ի վեր թալիբները մի շարք խտրական սահմանափակումներ են մտցրել Աֆղանստանում կանանց նկատմամբ։ Բացի այդ, օրենքից դուրս են հայտարարվել երաժշտությունը, սոցիալական ցանցերը և տեսախաղերը: