Պենտագոնի ղեկավարը ՆԱՏՕ-ի շրջանակներում Ֆինլանդիայի հետ համագործակցության հույս ունի
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հույս ունի ՆԱՏՕ-ի շրջանակներում ակտիվորեն համագործակցել Ֆինլանդիայի հետ, որը նախօրյակին միացել է դաշինքին: Օսթինը նաև ակնկալում Է Շվեդիայի հնարավորինս շուտ անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պենտագոնի տարածած հայտարարությունը:
«Շնորհավորում եմ Ֆինլանդիային, որը դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 31-րդ անդամը դաշինքի ստեղծման 74-րդ տարեդարձի օրը… Ես անհամբերությամբ սպասում եմ Ֆինլանդիայի հետ որպես դաշնակից համատեղ աշխատանքին և դաշինքին Շվեդիայի հնարավորինս շուտ անդամակցությանը», - ասել է Օսթինը:
Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ այս ամսվա վերջին կմեկնի Շվեդիա՝ «քննարկելու տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ին միանալու նրանց պլանները»:
Լլոյդ Օսթինի խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմից հետո ՆԱՏՕ-ն ,ավելի միավորված և ավելի վճռական է, քան երբևէ: «Մենք կշարունակենք դաշինքի հրատապ և կենսականորեն կարևոր աշխատանքը՝ աջակցելու ազատության ուժերին, պաշտպանելու ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը և կառուցելու ավելի անվտանգ աշխարհ»։
Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 4-ին Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել 2022 թ.-ին։ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, մի շարք պայմաններ դրեց, որոնք պետք է կատարեին սկանդինավյան երկու երկրները, որպեսզի Անկարան վավերացներ նրանց մուտքը դաշինք։ Այնուհետ Թուրքիան հայտարարեց, որ Շվեդիան ամբողջությամբ չի կատարել այս պայմանները։