Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին
Իսրայելի օդուժը հարվածներ է հացրել Գազայի հատվածում «Համաս» շարժմանը պատկանող զենքի արտադրության 2 օբյեկտների և զինապահեստների: Այս հարվածները հասցվել են՝ ի պատասխան Գազայի կողմից Իսրայելի Սդերոտ քաղաքի և Յադ Մորդեխայ համայնքի ուղղությամբ արձակված 10 հրթիռների: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jersualem Post պարբերականին:
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ ավելի ուշ հարվածներ են հասցվել նաև «Համաս»-ի ռազմական օբյեկտի և բազմաթիվ դիրքերի: Ըստ պաղեստինական կողմի հաղորդումների՝ Գազայի հատվածից երկիր-օդ դասի հրթիռներ են արձակվել հարվածներն իրականացնող իսրայելական ռազմական ինքնաթիռների վրա:
Jersualem Post-ը տեղեկացնում է, որ Գազայի հատվածից արձակված 10 հրթիռներից 1-ը հարվածել է Սդերոտի արդյունաբերական գոտում գտնվող գործարանի, 5-ն ընկել են բաց տարածքում, իսկ մյուսները որսացել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը:
Կողմերի միջև լարվածության նոր սրման աթիռ են դարձել ապրիլի 4-ի երեկոյան ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած բախումները: Պարբերականը նշում է, որ Փեսախի (հրեակա Զատիկ) նախօրեին մի խումբ պաղեստինցիներ բարիկադավորվել են ալ-Աքսա մզկիթում: Ոստիկանությունը մտել է մզկիթ և լուսաձայնային նռնակներով փորձել է հանել ներսում բարիկադավորված պաղեստինցիներին: Հաղորդվում է, որ պաղեստինցիներն իսրայելական ուժերի վրա են նետել քարեր և ճայթրուկներ: Միջադեպի հետևանքով կան վիրավորներ, կատարվել են ձերբակալություններ: