Բրիտանիայում հրապարակել են The Beatles-ի 1963 թ.-ի համերգի եզակի ձայնագրությունը
The Beatles խմբի համերգի ամենավաղ ամբողջական ձայնագրությունը, որը 60 տարվա վաղեմություն ունի, հրապարակվել է Մեծ Բրիտանիայում BBC հեռուստառադիոհաղոդումների կորպորացիայի կողմից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ձայնագրությունն արվել է 15-ամյա աշակերտ Ջոն Բլումֆիլդի կողմից 1963 թվականի ապրիլի 4-ին ՝ Բաքինգեմշիրի կոմսության «Սթոու» մասնավոր գիշերօթիկ դպրոցում ռոք խմբի ելույթի ժամանակ:
Ջոն Բլումֆիլդը ձայնագրությունն ուղարկել է BBC ռադիոկայանի Front Row հաղորդաշարին:
Փոլ Մաքքարթնին, Ռինգո Սթարը, Ջոն Լենոնը և Ջորջ Հարիսոնը դպրոց են եկել դպրոցի աշակերտ, ազդեցիկ գործարարների ընտանիքի անդամ Դեյվիդ Մուրսի խնդրանքով, որը նամակ էր գրել Լիվերպուլյան քառյակի մենեջեր Բրայան Էփսթայնին։ Բլումֆիլդը հայտնել է, որ ելույթը ձայնագրել է իր նոր մագնիտոֆոնով։
«Այդ ժամանակ ես ակնթարթորեն հասունացա: Հավանաբար, կկարծեք, թե չափազանցնում եմ, բայց այդ պահին ես հասկացա, որ դա բոլորովին մի այլ մոլորակից է», - ասել է Բլումֆիլդը BBC-ին։
Դպրոցում համերգից երկու շաբաթ առաջ՝ 1963 թվականի մարտի 22-ին, թողարկվել Էր The Beatles-ի դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Please Please Me»-ն, որից կատարումներ են հնչել «Սթոու»-ում։
Ձայնագրության մեջ լավ լսվում Է երաժշտությունը, չկան երգերն ընդհատող բացականչություններ և կողմնակի աղմուկներ, ինչը հատուկ է խմբի մյուս ելույթների ձայնագրություններին: Բլումֆիլդը հիշում է, որ համերգից հետո երաժիշտներին տարել են դպրոցի ճաշարան, այնուհետև ցույց են տվել հանրակացարանում Բլումֆիլդի սենյակը:
Ապրիլի 3-ին համերգի ձայնագրության մի մասը հնչել է BBC-ի ռադիոեթերում: Հիթ-շքերթներում առաջին տեղը զբաղեցրած երգերի թվով The Beatles-ը պատմական առաջատարն է ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ ԱՄՆ-ում։
Խումբն արժանացել է «Գրեմմի»-ի 10 մրցանակի, իսկ Time ամսագիրը խմբի անդամներին ներառել է 20-րդ դարի ամենաազդեցիկ անձանց թվում։ Rolling Stone հանդեսը The Beatles-ին հատկացրել Է առաջին տեղը բոլոր ժամանակների մեծագույն կատարողների ցուցակում:
Աշխարհում լիվերպուլյան քառյակի վաճառված ալբոմների կրկնօրինակների թիվը գերազանցել է 600 միլիոնը։ Խումբը գոյություն է ունեցել 1960-ից մինչև 1970 թվականը, որից հետո դադարեցրել Է գոյությունը, իսկ չորս երաժիշտներից յուրաքանչյուրն սկսել է սեփական կարիերան։
Այժմ «բիթլներից» ողջ են Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը: Ջոն Լենոնը վախճանվել Է 1980 թվականին Նյու Յորքում մոլի երկրպագուի արձակած գնդակից, իսկ Ջորջ Հարիսոնը մահացել է 2001 թվականին՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո: