ԵՄ-ն և ԱՄՆ-ն մտադիր են նվազեցնել ատոմային էներգետիկայի ոլորտում ՌԴ-ից կախվածությունը
ԱՄՆ-ը և ԵՄ-ն մտադիր են ուժեղացնել համագործակցությունը միջուկային նյութերի ոլորտում՝ նվազեցնելու կախվածությունը ՌԴ-ից: Նրանք նաև աջակցում են մատակարարումների դիվերսիֆիկացմանն ուղղված ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ-ԵՄ համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Էներգետիկային նվիրված տասներորդ խորհրդի արդյունքներով:
«Խորհուրդը մտադիր է ամրապնդել համագործակցությունը` նվազեցնելու Ռուսաստանից կախվածությունը միջուկային նյութերի և վառելիքի ցիկլի ծառայությունների ոլորտում, և աջակցում է ԵՄ անդամ երկրների շարունակական ջանքերին՝ դիվերսիֆիկացնել միջուկային վառելիքի մատակարարումները», -ասվում է հայտարարության մեջ:
Խորհուրդը նաև դատապարտել է «Ռուսաստանի վտանգավոր գործողություններն Ուկրաինայի Զապորոժիեի միջուկային ատոմակայանում», ինչպես նաև Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններն Ուկրաինայում՝ շեշտելով, որ Ուկրաինայի և Մոլդովայի ապագան Եվրոպական Միության հետ է:
Հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ-ն, դրա անդամ պետությունները և ԱՄՆ-ն մտադիր են շարունակել էներգետիկ արտակարգ օգնություն տրամադրել Ուկրաինային: Էներգետիկային նվիրված ԵՄ-ԱՄՆ խորհրդի 10-րդ հանդիպումը տեղի է ունեցել այսօր Բրյուսելում: Այն նախագահել են ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Եվրոպայի էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ էներգետիկայի փոխնախարար Դեյվիդ Թուրքը: