Նիդերլանդներում գնացքը դուրս է եկել ռելսերից. կա զոհ
Նիդերլանդների Հարավային Հոլանդիա նահանգում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից, որի հետևանքով 1 մարդ է մահացել, մոտ 30 մարդ՝ վիրավորվել:
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Մարդատար գնացքի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Վոորսխոտեն գյուղի մերձակայքում, ժամը 03:25-ին (Երևանի ժամանակով 05:25-ին): Մեկ մարդ մահացել է։ Մոտ 30 մարդ վիրավորվել է», - հայտնել է Կենտրոնական Հոլանդիայի տարածաշրջանի անվտանգության ծառայությունը։ Տուժածների մեծ մասին օգնություն է ցուցաբերվել տեղում։
Ավելի ծանր վնասվածքներով մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց։ Տարածաշրջանային անվտանգության ծառայության տվյալներով՝ մարդատար գնացքը բախվել է շինարարական տեխնիկայի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Տեղական լրատվամիջոցները պնդում են, որ խոսքը վերաբերում Է ռելսերով շարժվող ամբարձիչի:
Նախնական տվյալներով՝ գնացքում եղել է 50-60 մարդ։ Ականատեսների վկայությամբ՝ գնացքի առջևի հատվածը ռելսերից դուրս է եկել և հայտնվել դաշտում, միջնամասը շրջվել է, իսկ պոչի հատվածում հրդեհ է բռնկվել, որն արագորեն մարվել է։ Վոորսխոտեն գյուղը գտնվում է Հաագայի և Լեյդենի միջև։ Միջադեպի պատճառով այդ հատվածով գնացքների երթևեկությունը դադարեցվել է: Մասնագետները կատարում են վթարի հետևանքների վերացման աշխատանքներ գնացքների երթևեկությունը վերսկսելու համար։