Միջադեպի օրը Հայկ Կոնջորյանը զանգահարել է Հանրային հեռուստաընկերություն և լրագրող պահանջել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուրբաթ օրը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքից անմիջապես հետո իշխող ֆրակցիայի ղեկավար Հայկ Կոնջորյանն անմիջապես զանգահարել է Հանրային հեռուստաընկերություն եւ պահանջել, որ լրագրող ուղարկեն ԱԺ՝ միջադեպը լուսաբանելու:
Ըստ ՔՊ-ական պատգամավորներից մեզ հասած լուրերի՝ Կոնջորյանն այդ պահին անգամ Ազգային Ժողովում չի եղել, շփոթված զանգահարել է Հ1-ին, փոխանցել է, թե ծեծկռտուք է եղել Արծվիկ Մինասյանի եւ Մհեր Սահակյանի միջեւ: Լրագրողները, այդ ինֆորմացիան ստանալով, հասել են ԱԺ ու պարզել, որ իրականում մեկ այլ պատգամավորի՝ Մհեր Սահակյանի եւ Վլադիմիր Վարդանյանի միջեւ է եղել վիճաբանությունը: Ստացվում է՝ Կոնջորյանը, անգամ դեպքի մանրամասներին չտիրապետելով, շտապել է Հ1-ից լրագրող «պահանջել»: ՔՊ պատգամավորները մեզ հետ զրույցում դժվարացան ասել՝ Հայկ Կոնջորյանը Հ1-ի լուրերի տնօրենին է արդյոք զանգել ու լրագրող «պահանջել», թե ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանի կնոջը, որը խմբագիր է աշխատում այնտեղ:
Ամեն դեպքում, կատարվածի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն վերցնել Հայկ Կոնջորյանից, սակայն վերջինս, ինչպես միշտ է անում, չպատասխանեց հեռախոսազանգերին եւ մեր նամակներին: Մենք չկարողացանք պարզել, թե որ իրավունքով է ՔՊ խմբակցության ղեկավարը զանգահարել Հ1, այլ ոչ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»: Մարտի 31-ին՝ Հայաստանի Հան ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժղովում կայացած նիստի ժամանակ, երբ Վլադիմիր Վարդանյանի գոռալուց, ձեռքով սեղանին հարվածելուց ու ոտքի կանգնելուց հետո դաշնակցական պատգամավորն էլ էր կանգնել, հարվածել ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի դեմքին, ուշագրավ վիճակ է արձանագրվել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երբ Մհեր Սահակյանը բռունցքով հարվածել է Վլադիմիր Վարդանյանի դեմքին, վերջինս անմիջապես ընկել է հատակին: Երբ փորձել են նրան բարձրացնել, առաջին անգամ չի ստացվել, Վարդանյանը նորից գետնին է ընկել, ինչպես բոքսի ռինգում. ըստ ամենայնի, մեկ հարվածը նոկաուտի է ենթարկել Վարդանյանին: Վայրկյաններ անց է միայն նա կարողացել ինքնատիրապետումը վերականգնել ու կանգնել ոտքի: Նա շտապել է դեպի դուռը, փորձել գտնել Մհեր Սահակյանին, սակայն Սահակյանը արդեն դահլիճում չէր: Սահակյանի հետեւից փորձել են դուրս գալ նաեւ Տրդատ Սարգսյանը, ապա՝ Վիգեն Խաչատրյանը, սակայն չեն հասցրել: «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը նրանց ընթացքը խափանել է՝ հորդորելով հանգստանալ: Ինչեւէ, Վլադիմիր Վարդանյանին «Նաիրի» հիվանդանոց է տեղափոխել ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: