Վարակված սննդամթերքը՝ կամպիլոբակտերի փոխանցման հիմնական ուղի. Բուժում և կանխարգելում
Կամպիլոբակտերը գաստրոէնտերիտի՝ լուծային հիվանդությունների չորս հիմնական պատճառներից մեկը հարուցող բակտերիան է:
Կամպիլոբակտերային վարակը կամ կամպիլոբակտերիոզ հիվանդությունը պատճառում է 1-2 շաբաթ տևողությամբ փորլուծությամբ ընթացող գաստրոէնտերիտ: Բազմաթիվ մարդիկ վերականգնվում են այս վարակից, եթե անցնում են հանգիստ օրակարգի և խմում են առատ հեղուկներ, սակայն ըստ անհրաժեշտության բժիշկը կարող է նաև նշանակել հակաբիոտիկներ: Կամպիլոբակտերը հազվադեպ կարող է առաջացնել այլ հիվանդություններ ևս։
Կամպիլոբակտերիոզը կամ կամպիլոբակտերիալ վարակը հարուցվում է կամպիլոբակտերիա ցեղի բակտերիաներով: Այն ունի մոտ 15 տեսակ, որոնք մարդու մոտ առաջացնում են աղեսատամոքսային համակարգի տարբեր հիվանդություններ, գրել է Aysor.am-ը:
Կամպիլոբակտերով կարելի է վարակվել, եթե՝
ուտեք հում կամ պատշաճ ջերմային մշակման չենթարկված թռչնամիս կամ այլ մսեղեն,
ուտեք սննդամթերք, որն աղտոտված է վարակված հում մսով,
ուտեք հում ծովամթերք, մասնավորապես՝ ոստրե,
խմեք ոչ պաստերիզացված (հում կամ վարակված) կաթ,
խմեք կամ շփվեք վարակված ջրի հետ,
շփվեք վարակված տնային կամ ընտանի կենդանիների հետ:
Կամպիլոբակտերով վարակվելու հավանականությունը բարձրանում է, եթե մարդն ունի թուլացած իմունային համակարգ կամ թերսնուցված վիճակում է:
Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց 2-5 օր հետո: Հիվանդությունը սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, որին հաջորդում են ստամոքսի շրջանի կծկանքային ցավերը և փորլուծությունը, որը կարող է նաև պարունակել արյան հետքեր: Կամպիլոբակտերով վարակված մարդկանց մեծ մասի մոտ փսխում չի դիտվում:
Պետք է այցելել բժշկի կամ մանկաբույժի, եթե առկա է հետևյալ նշաններից որևէ մեկը՝
ջրազրկման նշաններ, օրինակ՝ միզարձակության կրճատում, քնկոտություն կամ բերանի լորձաթաղանթի չորություն,
մարմնի ջերմաստիճանի խիստ բարձրացում (տենդ),
արյունային լուծ,
ստամոքսի շրջանի սուր և կտրտող բնույթի ցավեր,
ավելի քան երկու օր տևող փորլուծություն:
Կարևոր է նաև ինքնաբուժմամբ չզբաղվելը: Անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկացմանը, այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը:
Խիստ հազվադեպ կամպիլոբակտերային վարակը կարող է բերել որոշ բարդությունների, այդ թվում՝
Գիյեն-Բարեի համախտանիշ՝ նյարդային հիվանդություն, որն առաջացնում է հաճախ մի քանի շաբաթից մինչև ամիսներ տևող թուլություն կամ կաթված,
ռեակտիվ հոդաբորբ, երբ հոդերն այտուցվում և դառնում են ցավոտ, որը սովորաբար տևում է 3-12 ամիս,
սեպսիս,
մենինգիտ (ուղեղաթաղանթների վարակային բորբոքում),
միզուղիների վարակ:
Կամպիլոբակտերը կարող է ճշգրիտ ախտորոշվել միայն կղանքի կամ արյան մանրէաբանական հետազոտությամբ:
Գաստրոէնտերիտի ախտանիշների բուժման լավագույն բուժումը հանգիստն է և առատ հեղուկներ ընդունելը:
Խուսափեք փսխման կամ լուծի դեմ դեղեր օգտագործելուց, քանի դեռ դրանք չեն նշանակվել բժիշկի կողմից:
Կամպիլոբակտերի տարածումը կանխարգելելու համար պետք է՝
մնալ տանը կամ պահել հիվանդ երեխային տանը, քանի դեռ ձեր կամ նրա մոտ փորլուծության վերանալուց հետո չի անցել 24 ժամ,
խուսափել լովավազան այցելելուց, քանի դեռ փորլուծության վերանալուց հետո չի անցել 24 ժամ,
մշտապես լվալ ձեռքերը տնային կամ ընտանի կենդանիների հետ շփվելուց հետո։