Մոլդովայի համար ռուսական գազի գինը կնվազի 339 դոլարով
Ապրիլին Մոլդովայի համար ռուսական գազը 339 դոլարով ավելի էժան կլինի, քան մարտին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից, այս մասին հայտնել է «Մոլդովագազ» ընկերության ղեկավար Վադիմ Չեբանը։
«Ապրիլին «Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերության կողմից Մոլդովայի Հանրապետություն մատակարարվող բնական գազի գնման արժեքը, հաշվի առնելով ջերմարար ունակությունը, կկազմի 673 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց», - գրել է նա իր Telegram ալիքում՝ հավելելով, որ գազի ողջ ծավալը կգնա մերձդնեստրովյան «Տիրասպոլտրանսգազ»-ին:
Մարտին Մոլդովան վառելիքը գնել է հազար խորանարդ մետրի դիմաց 1011,73 դոլարով, իսկ փետրվարին՝ 1054 դոլարով։ Հանրապետությունը մեկ տարուց ավելի է, ինչ էներգետիկ ճգնաժամ Է ապրում, որը պայմանավորված է գազի դեֆիցիտով և էներգառեսուրսների կտրուկ թանկացմամբ։ Էլեկտրաէներգիայի միակ աղբյուրը մնում է Մոլդովայի պետական շրջանային Էլեկտրակայանը, որը գտնվում է Մերձդնեստրում և մտնում է ռուսական «Ինտեր ՌԲԸ»-ի (Ռուսաստանի բաժնետիրական ընկերություն) կազմում։
Կայանն աշխատում է բացառապես բնական գազով, որի պակասը մշտապես զգացվում Է։ Նոյեմբերին Քիշնևը դադարեցրել Է առևտրային հարաբերությունները պետական շրջանային էլեկտրակայանի հետ, սակայն դեկտեմբերին կրկին վերադարձել Է էլեկտրաէներգիա գնելուն, ինչի դիմաց հրաժարվել Է Ռուսաստանից ստացած ողջ գազից։ 2021 թ. հոկտեմբերին «Գազպրոմը» երկարացրել Է գազի պայմանագիրը Մոլդովայի հետ, բայց այն պայմանով, որ 2022 թ.-ին անցկացվի «Մոլդովագազ»-ի պարտքի ստուգում։
Դրա հետ մեկտեղ ռուսական ընկերությունն իրեն իրավունք է վերապահել ամբողջությամբ դադարեցնել մատակարարումները, եթե «Մոլդովագազ»-ը խախտի պատմական պարտքի վճարման և կարգավորման ժամկետների պարտավորությունները։