Աֆղանստանի հետ սահմանին սկսվել են Ռուսաստանի և Տաջիկստանի զորավարժությունները
Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի զորակազմերը համատեղ զորավարժություններ են մեկնարկել Տաջիկստանի Խաթլոնի մարզի Հարբ-Մայդոն լեռնաանապատային զորավարժարանում, որը գտնվում է Աֆղանստանի հետ սահմանի մերձակայքում:
Նման հայտարարություն է տարածել Կենտրոնական ռազմական օկրուգի (ԿՌՕ) մամուլի ծառայությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Պրակտիկ գործողությունների փուլերի ընթացքում Ռուսաստանի և Տաջիկստանի զորակազմերը կկատարելագործեն դաշնակից պետության տարածք ներխուժած ապօրինի զինված կազմավորումների ոչնչացման համատեղ գործողության նախապատրաստումն ու իրականացումը լեռնային տեղանքի պայմաններում, ինչպես նաև միացյալ ուժերի ստորաբաժանումների ղեկավարումն անօրինական զինված կազմավորումների շրջափակման և ոչնչացման ժամանակ», - ասված է հաղորդագրության մեջ։ Զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 7-ը։
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են ավելի քան 300 հոգուց կազմված 201-րդ ռազմակայանի ստորաբաժանումները՝ լեռնային, մոտոհրաձգային, տանկային, հրետանային ստորաբաժանումները, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումները և Կենտրոնական ռազմական օկրուգի ռադիոէլեկտրոնային պայքարի շարժական խմբերը։
Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմակայանը Ռուսաստանի ամենամեծ ռազմական օբյեկտն է երկրի սահմաններից դուրս։ Այն գտնվում է երկու քաղաքներում՝ Դուշանբեում և Բոխթարում։ Դրա կազմի մեջ մտնում են մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հետախուզական ստորաբաժանումներ, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության և կապի ստորաբաժանումներ։