Փարիզում քվեարկել են էլեկտրական սկուտերների վարձույթն արգելելու օգտին
Փարիզցիները քվեարկել են իրենց քաղաքում էլեկտրական սկուտերների վարձույթն արգելելու օգտին: Ապրիլի 2-ին անցկացված քվեարկության արդյունքներով՝ քվեարկողների գրեթե 90%-ը կողմ է եղել մարտկոցով աշխատող այդ մեքենաների արգելմանը: Այնուամենայնիվ, քվեարկելու իրավունք ունեցողների միայն 8%-ն է մասնակցել հանրաքվեին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
Հանրաքվեն անցկացվել է՝ ի պատասխան Ֆրանսիայի մայրաքաղաքում էլեկտրական սկուտերների պատճառով տուժողների և մահվան դեպքերի աճի:
Քաղաքի ընտրական ռեգիստրում գրանցված 1,38 միլիոն մարդկանցից, ըստ պաշտոնական տվյալների, մասնակցել է 103 000-ը: Նրանցից ավելի քան 91 300-ը դեմ են քվեարկել սկուտերներին:
Փարիզը առաջին քաղաքներից մեկն էր, որտեղ տարածվեցին էլեկտրական սկուտերները, սակայն քննադատները պնդում են, որ դրանք ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ տալիս:
Շատերին անհանգստացնում էր այն, թե ինչպես են որոշ մարդիկ սկուտերները վարում երթևեկության միջով կամ մայթերին՝ զարգացնելով 27 կմ/ժ արագություն: Սկուտեր վարողները հաճախ չեն կրում սաղավարտներ, իսկ օրինականորեն սկուտեր վարձել կարող են նույնիսկ 12 տարեկան երեխաները: Բացի այդ, քննադատները նշում էին, որ մայթերին կայանված էլեկտրական սկուտերները խանգարում են հետիոտներին:
Հանրաքվեն հրավիրվել էր Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի կողմից: Քվեարկությունը չի անդրադառնում էլեկտրական սկուտերների սեփականատերերի վրա:
2019 թ.-ին նոր օրենքներ էին ընդունվել, համաձայն որոնց սկուտեր վարողները պետք է կրեին տեսանելի հագուստ, չվարեին երթևեկությանը հակառակ, որի համար տուգանքը կազմում է 135 եվրո: Բացի այդ, օրենքով արգելվում է գերազանցել սահմանված արագությունը, որի համար տուգանքը կազմում է մինչև 1500 եվրո:
BBC-ն հիշեցնում է, որ 2021 թ.-ին 31-ամյա մի իտալուհի էր մահացել, երբ նրան հարվածել էր էլեկտրական սկուտեր, որը երկու մարդու էր տանում: Կինն ընկել էր և գլուխը հարվածել մայթին: Սակայն էլեկտրական սկուտերների օպերատորները փաստարկներ էին բերում, որ սկուտերները քաղաքում տեղի ունեցող վթարների շատ փոքր մասն են կազմում: