Նորվեգիան և Դանիան 8 հազար հրետանային արկ կուղարկեն Ուկրաինա
Նորվեգիան և Դանիան համատեղ 155 մմ տրամաչափի 8 հազար հրետանային արկ կմատակարարեն Կիևին: Նման տեղեկություն է հաղորդել Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
«Նորվեգիան և Դանիան Ուկրաինային կփոխանցեն 8 հազար հրետանային արկ... ՆԱՏՕ-ի ստանդարտ 155 մմ տրամաչափի հրետանային արկեր՝ ի լրումն Դանիայի կողմից փոխանցված 19 Caesar հաուբիցների», - ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Նշվում է, որ արկերը պատրաստվելու են Դանիայում և Նորվեգիայում արտադրված բաղադրիչներից։ Ինչպես հայտարարել Է Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը, Օսլոն ավելի վաղ Կիևին է փոխանցել 20 հազար արկ։
Ավելի վաղ Ռուսաստանը նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ կապված Ուկրաինային սպառազինության մատակարարումների հետ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք կպարունակի Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։
Լավրովը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը, «այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարումներով, այլև կադրեր պատրաստելով... Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում»: