Վահե Ղազարյանը և Վլադիմիր Կոլոկոլցևը քննարկել են համագործակցության հետագա խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը մի շարք ոլորտներում
Ապրիլի 3-ին Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրավերով Մոսկվա է մեկնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը:
Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության և ՌԴ ՆԳՆ համագործակցության հարցերի լայն շրջանակ:
Վահե Ղազարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարեփոխումների արդյունքները՝ անդրադառնալով Պարեկային ծառայության կազմավորման ընթացքին, Քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումների ձևավորման խնդիրներին, Ոստիկանության զորքերը Ազգային գվարդիայի վերակազմավորելու առանձնահատկություններին և այլն:
Նախարարն ընդգծել է ՌԴ և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների համագործակցության հետագա խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը մի շարք ոլորտներում, ինչը պայմանավորված է նորագույն մարտահրավերների առկայությամբ:
Մասնավորապես, անդրադարձ է եղել կիբերհանցավորության աճի միտումներին՝ ընդգծելով, որ այդ հանցատեսակի դեմ պայքարում հաջողություն արձանագրելու համար անհրաժեշտ է ուղիղ շփումներ հաստատել երկու գերատեսչությունների համապատասխան ծառայությունների միջև, թարմացնել պատասխանատուների ցանկերը, դիտարկել ծառայողների աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու և պատվիրակությունների փոխանակման հնարավորությունը:
Վահե Ղազարյանը կարևորել է նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ համատեղ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը՝ մշտական կապ և փոխգործակցություն հաստատելով այդ հանցատեսակին հակազդող ստորաբաժանումների միջև:
Հանդիպման ընթացքում քննության առարկա են դարձել միգրացիայի, մասնագիտական կադրերի պատրաստման ու վերապատրաստման, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Ավարտին Վահե Ղազարյանը Վլադիմիր Կոլոկոլցևին հրավիրել է Երևան՝ երկու գերատեսչությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետագա առարկայական քննարկման համար:
Մոսկովյան այցի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպում է ունեցել նաև ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի Կոորդինացիոն բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովի հետ:
Քննարկվել են 2023 թ. սեպտեմբերին Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված հարցերը: