Հայտնի են Բուլղարիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները
«Քաղաքացիներ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» և Ժողովրդավարական ուժերի միություն (GERB - SDS) կուսակցությունների կոալիցիան առաջատար դիրք է զբաղեցնում Բուլղարիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ քվեաթերթիկների 93,39 %-ի հաշվարկից հետո։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ժամը 10:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 11:00-ի) GERB - SDS կոալիցիայի օգտին քվեարկել Է ընտրողների 26,47 %-ը:
«Շարունակում ենք փոփոխությունները» և «Ժողովրդավարական Բուլղարիա» կոալիցիաների դաշինքն ստանում Է ձայների 24,96 %-ը, երրորդ տեղում է գտնվում «Վերածնունդ» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է ընտրողների 14,39 %-ը: Հանուն իրավունքի և ազատության շարժումն ստանում Է ձայների 12,96 %-ը, «Բուլղարական սոցիալիստական կուսակցություն՝ հանուն Բուլղարիայի» կոալիցիան ստացել է ձայների 8,95 %-ը։ 4 % անցողիկ շեմը հաղթահարում է նաև «Կա այսպիսի ժողովուրդ» կուսակցությունը (4,16%)։ Մյուս քաղաքական միավորումներն այս պահին չեն հաղթահարում անցողիկ շեմը։ Ձայների հաշվարկը շարունակվում է, արդյունքները կարող են փոխվել:
Բուլղարիայում ապրիլի 2-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների։ Բուլղարիայի 49-րդ գումարման Ազգային ժողովում 240 տեղի համար պայքարել են 14 կուսակցությունների և 7 կոալիցիաների ներկայացուցիչներ։ Ընտրություններն ապրիլի 2-ին են նշանակվել այն պատճառով, որ 48-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները չեն կարողացել համաձայնության գալ մեծամասնության կոալիցիայի և կառավարության ձևավորման շուրջ։