Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյունի և ռազմական լրագրողի սպանության մեջ կասկածվող Դարյա Տրեպովան ձերբակալվել է
Ռուսաստանի քննչական կոմիտեի աշխատակիցներն օպերատիվ ծառայությունների հետ միասին ձերբակալել են Դարյա Տրեպովային, որը կասկածվում է Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունին մասնակցության և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկիի սպանության համար: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով քննչական կոմիտեի Տելեգրամ ալիքում տարածված հաղորդագրությունը:
Ավելի վաղ Տրեպովան հայտնվել էր ՆԳ նախարարության հետախուզման բազայում։ Նրա քարտում նշված էր, որ 1997 թվականին ծնված սանկտպետերբուրգցի Տրեպովան հետախուզվում է քրեական գործի հետաքննության շրջանակներում։
Մինչև Քննչական կոմիտեի հայտարարությունը «Интерфакс»-ի աղբյուրը հաղորդել էր, թե Տրեպովան ձերբակալվել Է, սակայն հետո պարզվել էր, որ աղջկա մորն ու քրոջն են բերման ենթարկել՝ հարցաքննության համար։
Ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանի առափնյա փողոցի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին (Մաքսիմ Ֆոմին), ևս 32 մարդ վիրավորվել Է։
Հետաքննության վարկածով՝ նախքան սրճարանում Տատարսկիի մասնակցությամբ միջոցառման մեկնարկը Տրեպովան նրան գիպսե արձանիկ է նվիրել։
Ըստ նախնական տվյալների՝ արձանիկը պայթել է։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 2-րդ մասի 105 հոդվածով (սպանություն հանրության համար վտանգավոր եղանակով): Քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտեի կենտրոնական վարչություն: