Սոչիում կորած երեխաներին գտել են
Ոստիկանները հայտնաբերել են երկու օր առաջ անհետ կորած հինգ երեխաներին, նրանք ողջ են, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՆԳՆ մարզային վարչությունը։
Գերատեսչության տվյալներով՝ կիրակի օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, քրեական հետախուզության աշխատակիցները տղաներին հայտնաբերել են Ադլերի Լենինի փողոցում։ Նրանց տեղափոխել են ոստիկանության բաժին։ Երեխաների հեռանալու պատճառներն ու հանգամանքները կուսումնասիրեն իրավապահները։ Առաջիկայում երեխաներին կհանձնեն ծնողներին։
Մարզի դատախազությունը կգնահատի միջադեպի պատճառները, ընտանիքներում երեխաների ապրելու պայմանները, կանխարգելման և անչափահասների իրավախախտումների համակարգի օրգանների աշխատանքը։
Հիշեցնենք՝ 8-ից 13 տարեկան հինգ երեխա մարտի 31-ին զբոսնելու էին գնացել և տուն չէին վերադարձել։ Ծնողները օրվա ընթացքում ինքնուրույն որոնել են նրանց, որից հետո դիմել են ոստիկանություն։ Ապրիլի 1-ի երեկոյան որոնողական աշխատանքներին մասնակցել է ավելի քան 70 մարդ։