Համերգի ժամանակ թատրոնի տանիքը փլուզվել է հանդիսատեսի վրա
Մեկ մարդ մահացել է, տասնյակները վիրավորվել Morbid Angel խմբի համերգի ժամանակ, երբ ԱՄՆ Իլինոյս նահանգում փլուզվել է թատրոնի տանիքը, Mediahub-ի փոխանցմամբ՝ գրում է РИА Новости-ն՝ հղում անելով CBS հեռուստաալիքի եթերին։
Հրշեջ ծառայության տվյալներով՝ համերգի ժամանակ փլուզվել է Բելվիդիր քաղաքում «Ապոլոն» թատրոնի տանիքը։ Շենքը նախատեսված է 1,5 հազար հյուրի համար։ Միջադեպի պահին եղել է 260 հանդիսական։ Համերգային ծրագրում ընդգրկված էին Morbid Angel, Revocation և Skeletal Remains խմբերը:
Ինչպես ճշտել են լրագրողները, միջոցառման մեկնարկից մոտ կես ժամ անց ուժեղ քամու հետևանքով փլուզվել է տանիքը։
Արդյունքում մեկ մարդ մահացել է, մոտ 30-ը՝ վիրավորվել։ Հինգ մարդ ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է, 18-ի մոտ ախտորոշվել է միջին ծանրության, եւս հինգը ստացել են թեթեւ վնասվածքներ։