Մասիսի նախկին քաղաքապետի վերաբերյալ Դատախազության հերթական հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում մարտի 28-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մասիսի նախկին քաղաքապետ Ս.Հ.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
• 15 անշարժ գույք Արարատի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 288 մլն 86 հազար 250 դրամ.
• 1 իրավաբանական անձում մասնակցություն, 5 շարժական գույք և 5 անշարժ գույքի շուկայական արժեքը, որը դեռևս գնահատված չէ.
• 58 մլն 515 հազար 628 դրամ, որը 1998-2021 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը (Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ համապատասխան պահանջի առկայության դեպքում պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի, իսկ շուկայական արժեքի պարզման անհնարինության դեպքում` այդ գույքը ձեռք բերելու արժեքի չափով գումար):