ԵՄ-ն մայիսին քաղաքացիական առաքելություն կուղարկի Մոլդովա
Եվրամիությունը պլանավորում է Մոլդովայի կառավարությանն օգնություն ցուցաբերելու համար մայիսին Մոլդովա ուղարկել EUPM Moldova («ԵՄ գործընկերության առաքելություն Մոլդովայում») առաքելությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EUobserver հրատարակությունը:
Հաղորդվում է, որ քաղաքացիական խորհրդատուներից բաղկացած առաքելությունը պետք է ստեղծվի արագացված գործընթացով, նախնական երկու տարի ժամկետով՝ «Ռուսաստանի ապակայունացնող գործունեությանը» դիմակայելուն աջակցելու համար: Ըստ հրապարակման՝ առաքելության խնդիրները լինելու են «Մոլդովայի անվտանգության ոլորտի կայունության բարձրացումը ճգնաժամային կառավարման բնագավառում, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների նկատմամբ կայունության բարձրացումը, ներառյալ՝ կիբեռանվտանգությունը և հակազդումն օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիային ու միջամտությանը»:
Դրա հետ մեկտեղ EUobserver-ը նշում է, որ «2023 թ. հունիսի 1-ին Մոլդովայի կողմից Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալումը կարող է հանգեցնել հիբրիդային սպառնալիքների և տեղեկատվական մանիպուլյացիայի սպառնալիքների աճին»: Առաքելության չափն ու բյուջեն դեռ պետք է որոշվեն, բայց այն կստեղծվի՝ հաշվի առնելով «փոփոխվող իրողություններին հարմարվելու» հնարավորությունները: Հրատարակությունը նաև նշում է, որ ԵՄ երկրները Մոլդովայի համար գնում են 40 մլն եվրոյի ոչ մահաբեր ռազմական սարքավորումներ, այդ թվում՝ շարժական հեռահար ռադարներ:
Դա պայմանավորված է նրանով, որ այս տարի ավելի վաղ Ռուսաստանի արձակած հրթիռներն անցել էին Մոլդովայի օդային տարածք: Փետրվարի 20-ին ԵՄ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Բրյուսելում ուսումնասիրվում է Մոլդովա առաքելություն ուղարկելու հնարավորությունը՝ Եվրամիության անվտանգության և պաշտպանության համատեղ քաղաքականության շրջանակներում։